"Համագործակցություն հանուն առողջության" միջազգային կոնֆերանս
“Համագործակցություն հանուն առողջության” միջազգային կոնֆերանս

Երկօրյա միջազգային գիտաժողով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում

2015 թվականի մարտի 27-28-ին Աթենքի (Հունաստան) «Մետրոպոլիտան հոսպիտալի» և հայաստանյան գործընկերների՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, «Հայ- Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի, «Մետրոպոլիտան Մեդիքալ.Էյ Էմ» ընկերության և «Ար.Մեդտեխնիկա» ՍՊԸ– ի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Երևանում էին «Մետրոպոլիտան Հոսպիտալ» կլինիկայի պրոֆեսորական անձնակազմի և ադմինիստրացիայի ներկայացուցիչները՝ բժշկական կոնֆերանս անցկացնելու և հնարավոր համագործակցության ոլորտները քննարկելու նպատակով:

Երևանյան մասնագիտական քննարկմանը նախորդել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչների այցը Մետրոպոլիտան հոսպիտալ, ինչին հաջորդել են փոխադարձ այցեր, որից հետո սկսվել են բանակցությունները: Եվրոպայի առաջատար այս հիվանդանոցն այժմ Հայաստանում ունի ներկայացուցչություն՝ «Մետրոպոլիտան Մեդիքալ.ԷյԷմ» ՍՊԸ:


Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում մեկնարկած գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նա վստահություն հայտնեց, որ հայ և հույն մասնագետները համատեղ կքննարկեն հանուն առողջության համագործակցության առանձին ուղղությունները, կհստակեցնեն առաջիկա անելիքները։ «Կասկած չունեմ, որ թե նման քննարկումները, թե մասնագետների փոխադարձ այցերը, թե համատեղ վիրահատություններն ու կրթական ծրագրերը ոչ միայն կծառայեն մեր բնակչության բժշկական սպասարկման որակի բարելավմանը, այլև համագործակցության հետագա զարգացման ամուր հիմք կհանդիսանան», -նշել է Վահան Պողոսյանը:
Ըստ փոխնախարարի, ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է առաջիկայում ևս աջակցել հայ-հունական համագործակցությունն ընդլայնելուն և խորացնելուն ուղղված բոլոր ծրագրերին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը կարևորեց Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությունն առողջապահության բնագավառում: «Հայաստանի և Հունաստանի նախագահների՝ նախորդ տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններից անմիջապես հետո սկսվեց առողջապահության երկու համակարգերի փոխգործակցությունը: Մեզ համար շատ կարևոր է մեր բժշկական և քույրական անձնակազմերի կատարելագործումը արտասահմանյան լավագույն հիվանդանոցներում, իսկ Աթենքի «Մետրոպոլիտան Հոսպիտալը» դրանցից մեկն է: Մեզ համար շատ կարևոր է նրանց լավագույն բժշկական կադրերի ընդգրկումը հայաստանյան բժշկական կենտրոնների աշխատանքներում, որպես խորհրդատուների, նաև հիվանդների փոխանակումը», -ասաց Արա Մինասյանը:
Մասնագիտական բարձրորակ կադրերով և սարքավորումներով հագեցած աշխարհի խոշորագույն բժշկական հաստատության հետ գործակցության առանցքում կլինեն նաև սրտային վիրաբուժության, նորածնային հասակի մանկաբուժության ոլորտները, ինչպես նաև օնկոլոգիական և կրծքագեղձի խնդիրների հաղթահարումը:

Աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նկարները՝ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի ֆեյսբուքյան էջից

© 2019 "Ar.Medtechnica" LLC, ARMEDTECHNICA™

Back to top